Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Rome Reports-ը Վատիկանում ապրիլի 12-ի պատարագից առաջ ռեպորտաժ է պատրաստել

Rome Reports-ը Վատիկանում ապրիլի 12-ի պատարագից առաջ ռեպորտաժ է պատրաստել
31.03.2015 | 14:21

Հայերն աղոթելու համար այցելում էին Հռոմի Վատիկան բլուր, երբ Սուրբ Պետրոսի տաճարը դեռ կառուցված չէր: Նրանք կայցելեն Վատիկան ու կաղոթեն այս տարվա ապրիլի 12-ին ևս, երբ Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի կապակցությամբ Վատիկանում պատարագ կմատուցի: Իտալական Rome Reports հեռուստաընկերությունն իր ռեպորտաժում արձանագրել է պատմական փաստը. «Դժվար է պատկերացնել մի շրջան, երբ Սուրբ Պետրոսի հրապարակը դեռ գոյություն չուներ: Սակայն հրապարակի կառուցումից դեռ շատ առաջ ուխտագնացներն այցելում էին այստեղ՝ Սուրբ Պետրոսի մասունքների առաջ աղոթելու համար: ՈՒխտավորների թվում հազարավոր հայեր են եղել, որոնք ճանապարհորդել են Հռոմ: Անգամ հյուրատուն է եղել հայ այցելուների համար»: Թեև հայերի հյուրատունը փակվել է և դարերի ընթացքում անհետացել է, սակայն հարյուրավոր տարիներ անց գտնվել է հյուրատան գլխավոր խորհրդանիշը՝ հայկական խաչքարը: «Այդ տան համար պատասխանատու քահանան խաչքար է դրել մուտքի մոտ: Դա ավանդական հայկական նախշերով խաչքար էր»,- Rome Reports-ը ներկայացրել է Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի պարզաբանումն ու տեղեկացրել, որ խաչքարը 2014-ի սեպտեմբերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ հանդիսավորությամբ տեղադրվել է Վատիկանի թանգարանների մշտական ցուցադրությունում: «Բացի հայերեն գրությունից՝ կար նաև լատիներեն արտահայտություն, որտեղ նշված էր. «Այս խաչն օծվել է»»,- 1246 թվականի խաչքարի մասին պատմում է Միքայել Մինասյանը: Այնուհետև նյութի հեղինակն արձանագրել է, որ Հայաստանը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին երկիրն է: «Հաճախ հայ ժողովուրդը հալածանքների է ենթարկվել այդ պատճառով: Այնպես որ այս խաչքարը պարզապես նվիրումի մասին չէ, այլ քրիստոնեության, պատմության, հավատի և համառության մասին»,- նշվում է ռեպորտաժում: Ռեպորտաժի հեղինակը հիշեցնում է ապրիլի 12-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապի մատուցելիք պատարագի մասին և մեջբերում Միքայել Մինասյանի խոսքը. «Այս խաչքարը տեղադրվել է մի վայրում, որտեղ հայերը կանգնում էին և աղոթում Սուրբ Պետրոսի շիրմի առաջ: Այժմ վերադարձվել է Հռոմ՝ Վատիկանի թանգարաններ: Ապրիլի 12-ին հայերը կրկին կլինեն այստեղ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար»,- ասում է նա: Հայկական խաչքարը ցուցադրվում է Սիքստինյան կապելայի մերձակա «ՈՒրբան Յոթերորդ Պապ» ցուցասրահում:

Դիտվել է՝ 849

Մեկնաբանություններ